Տեղահանված արցախցիներին տրամադրելու համար շուրջ 700 առանձնատուն կվերանորոգվի

Արցախի գյուղական բնակավայրերում առաջիկա 3-4 ամիսների ընթացքում նախատեսվում է վերանորոգել և շահագործման հանձնել շուրջ 700 առանձնատուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքաշինության փոխնախարար Ազատ Համբարձումյանը՝ հավելելով, որ առանձնատները տրամադրվելու են իրենց բնակավայրերից տեղահանված արցախցիներին:

«Տեղահանված բնակիչների համար Ասկերանի,Մարտունու և Մարտակերտի շրջանների գյուղական անբնակ առանձնատների վերանորոգման ծրագրի շրջանակներում՝ անցած տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ մեկնարկել է 71 առանձնատան վերանորոգումը: Դրանցից 34-ն արդեն հանձնվել է շահագործման, իսկ մյուսների վերանորոգումն ընթացքում է:

Նախատեսված 700 առանձնատների վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում՝ անբնակ տների թվի վերաբերյալ շրջվարչակազմերի ներկայացրած տվյալները ստանալուց անմիջապես հետո: Քաղաքաշինության նախարարության և 28 շինարարական կազմակերպությունների միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ վերականգնման աշխատանքներին զուգահեռ սկսել նաև այդ առանձնատների վերանորոգումը: Գյուղական առանձնատները, ներքին և արտաքին հարդարումից բացի, կունենան խոհանոց և ներքին սանհանգույց»,-մանրամասնեց քաղաքաշինության փոխնախարարը՝ նշելով,որ ծրագրի ֆինանսավորումը կատարվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:

Մինչ այդ՝ համապատասխան պայմանավորվածություններ են ձեռքբերվում շրջվարչակազմերի և անբնակ առանձնատների սեփականատերերի հետ: Բացի այդ՝ ծրագրում ընդգրկված են նաև գյուղական բնակավայրերի այն տները, որոնցում երկար տարիներ փաստացի ոչ ոք չի բնակվում:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան