Տելեգրամի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Պ.-ն իր ազգական Հ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ մեկնել են Տելեգրամի միջոցով թմրամիջոցների առուվաճառքով զբաղվող օգտատիրոջ կողմից մատնանշված վայր և թաքստոցից վերցրել 10 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոցը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն ավարտել հանցագործության կատարումը, քանի որ ձերբակալվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Նախաքննության ընթացքում Ս.Պ.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված մարիխուանա տեսակի թմրամիջոց, էլեկտրոնային կշեռքներ, ինքնասոսնձվող ժապավեններ և պոլիէթիլենային փաթեթներ, որոնք առգրավվել են:

Ս.Պ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), իսկ Հ.Պ.-ի նկատմամբ՝ 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը)։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Related posts

Շիրակի մարզպետը հյուրընկալել է Մարդու իրավունքների պաշտպանին

Կրթության, գիտության և նորարարության ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Չեռնոգորիայի միջև

Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ