Վրաստանում բողոքի ցույցերի ֆոնին այսօր տեղի կունենա նախագահի ընտրությունը

Վրաստանում այսօր տեղի կունենա նախագահի ընտրությունը: Առաջին անգամ նախագահին կընտրի ոչ թե բնակչությունը, այլ 300 պաշտոնյայից բաղկացած ընտրական կոլեգիան։ Միակ թեկնածուն պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլին է, որին առաջադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Ընդդիմությունը չի մասնակցում այդ գործընթացին, քանի որ բոյկոտում է հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանի ընտրության արդյունքը, որի համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
Նոր կառավարության լեգիտիմությունը չի ճանաչում նաև ներկայիս գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նա հայտարարել է, որ անկախ նախագահի ընտրության արդյունքից՝ չի լքի իր նստավայրը, մինչև երկրում խորհրդարանի նոր ընտրություն չանցկացվի։
Նախագահի ընտրությունն ուղեկցվում է բողոքի ցույցերով: Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց հավաքվածները պահանջում են, որ «Վրացական երազանքը» հեռանա իշխանությունից: Նրանք նաև բողոքում են Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հարցը մինչև 2028 թվականն օրակարգից հանելու՝ կառավարության որոշման դեմ, կոչ անում ազատել վերջին օրերի ցույցերի ընթացքում ձերբակալված քաղաքացցիներին։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս միացել է ցուցարարներին:
Ազատության հրապարակում ջրցան մեքենաներ են տեղակայվել, անվտանգությունն ուժեղացվել է: Հատկանշական է, որ երեկ Վրաստանի խորհրդարանն օրենք է ընդունել, որով արգելվում է հանրահավաքների ժամանակ դեմքը փակել դիմակով կամ այլ միջոցներով, օգտագործել հրատեխնիկա և լազերներ, որոնք ցուցարարները հաճախ ուղղում են ոստիկանների աչքերին և տեսախցիկներին: Նախաձեռնությամբ հանդես է եկել իշխող «Վրացական երազանքը»:

Related posts

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր

Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքը հիմնանորոգված է, շատրվանները՝ վերականգնված. վարչապետ