Վիեննայի Սբ Ստեփանոս մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն

Ապրիլի 24-ին Վիեննայի Սբ Ստեփանոս մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն՝ «Աղթոքի անիվ» խորագիրը կրող ջազ-պատարագի ոճով համերգային ծրագրով։ Կատարումներով հանդես են եկել Վիեննայի ֆիլհարմոնիկ երգչախումբը, Զալցբուրգի երաժշտական գիմնազիայի սաները՝ ավստրիահայ երգահան Կարեն Ասատրյանի ղեկավարությամբ: Այդ մասին հայտնում են Վիեննայում Հայաստանի դեսպանություն և մշտական ներկայացուցչությունից։

Բացման ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը և Վիեննայի արքեպիսկոպոս Յոզեֆ Գրյունվիդլը։

Դեսպան Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ 1.5 միլիոն անմեղ մարդիկ սպանվեցին կամ մահվան մատնվեցին սոսկ հայ լինելու պատճառով։ Նա երախտագիտություն է հայտնել բոլոր այն երկրներին, ներառյալ՝ Ավստրիային, որոնք ցեղասպանության վերապրածներին ապաստան են տրամադրել։

Դեսպանը հատկանշական է համարել արարողությանը հարյուրավոր ներկաների մասնակցությունը, որպես ցեղասպանության արհավիրքի դեմ համախմբման, պատմական հիշողության պահպանման և մարդկային արժանապատվության վերհանման խորհրդանիշ։ Նա անդրադարձել է զանգվածային ոճրագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանի շարունակական ներդրմանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով՝ տարածաշրջանի պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցման հիման վրա:

Համերգն ընթացել է լեփ-լեցուն տաճարում։ Ներկա են եղել Ավստրիայի ԱԳՆ և պետական այլ կառույցների ներկայացուցիչներ, Խորհրդարանի և Վիեննայի քաղաքային իշխանությունների անդամներ, դեսպաններ, բարձրաստիճան հոգևորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հանդիսատեսներ։
Նույն օրը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ են զետեղել Վիեննայի Շիլլերի հրապարակում գտնվող Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ։

Հիշատակի արարողություն է տեղի ունեցել նաև Բրատիսլավայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ։

Ելույթներով հանդես են եկել Սլովակիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և Սլովակիայում ՀՀ պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանը: Միջոցառմանը ներկա էին Սլովակիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Related posts

Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկել են գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը

2026-ի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր

Կառավարությունը կաջակցի ՀՀ տնտեսվարողներին թարմ պտուղբանջարեղեն, ծաղիկ արտահանել ԵՄ-ի, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ