Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է միայն մեկ QR կոդ. ՀՖՖ-ն՝ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի մասին

ՀՖՖ-ն անդրադարձել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքի շուրջ աղմուկին:
«Շատերը ՀՖՖ-ին մեղադրում են, որ չեն կարողացել տոմս գնել: «Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14․000 երկրպագու: Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470․000 մարդ։ 1 երկրպագուն կարող էր գնել 2 տոմսից ոչ ավելի, հետևաբար հնարավոր է եղել բավարարել մոտ 7000 հայտի պահանջ:
Բնականաբար, շուրջ 463․000 երկրպագու կարող է բողոքել, որ չի կարողացել տոմս գնել:
Տոմսերի պաշտոնական վաճառքից դեռ ամիսներ առաջ համացանցում եղել են վաճառքի վերաբերյալ ՈՉ պաշտոնական հայտարարություններ, հիմա էլ ոմանք աստղաբաշխական գներով տոմսեր են վաճառում:
Վերավաճառողների դեմ պայքարելու համար ՀՖՖ-ին խորհուրդ էին տալիս հանդիպման տոմսերը վաճառել 100․000-200․000 դրամ, բայց ՀՖՖ ռազմավարության հիմնական ուղղություններից է ֆուտբոլը որպես սոցիալական երևույթ ընկալելը։ Բնականաբար, տոմսերի նման թանկացում չէր կարող լինել:
Տեղեկացնենք, որ 14․000 նստատեղով ստադիոնի մոտ 7000 տոմս վաճառվել է շատ մատչելի՝ 1000-3000 դրամ: Շուկայում այժմ այս տոմսերը վաճառում են տասնապատիկ թանկ:
ՀՖՖ-ի վաճառած բոլոր տոմսերի QR կոդերը ակտիվանալու են հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին: Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է միայն մեկ QR կոդ: Այս դեպքում ևս կարող է լինել բողոքի մեծ ալիք, որի հետ ՀՖՖ-ն որևէ առնչություն չունի:
Հարգելի՛ ֆուտբոլասերներ,
ՀՖՖ-ն հորդորում է շուկայից չգնել տոմս՝ հետագա բարդություններից խուսափելու համար: ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար: Վերավաճառողից տոմս չգնելով՝ կօգնենք, որպեսզի հետագայում հայկական ֆուտբոլից իսպառ վերանա այս բացասական երևույթը»,- ասված է հայտարարության մեջ:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել