Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները՝ մշակվել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն:

Ընդգծվել է, որ միջազգային գործընկերների հետ կնքված պայմանագրերի շրջանակում նախատեսվում են «Ակադեմիական քաղաքի» կառավարման մոդելի մշակման, քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման, ընդհանուր տրանսպորտի և շարժունակության շրջանակի գնահատման իրականացում: Մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաքի» կառավարման մոդելի մշակման շրջանակում իրականացվելու է ղեկավար կազմի վերապատրաստում, տեխնոլոգիական կլաստերի կառավարման մոդելի մշակում, բուհերի միավորման ճանապարհային քարտեզի, գիտահետազոտական ինստիտուտների միավորման ճանապարհային քարտեզի մշակում, նորարարությունների խթանման ուղղությամբ աջակցություն: Քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման շրջանակում իրականացվելու են ռազմավարական հաղորդակցության ուղղությամբ աշխատանքներ, սոցիալական ենթակառուցվածքների հետազոտություններ, տնտեսական միտումների վերլուծություններ և այլն:

Շարունակվելու են աշխատանքներն «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի վերջնականացման և արդեն իսկ շենքերի նախագծման ուղղությամբ: Վերոնշյալ աշխատանքի այն ծավալը, որը վերաբերում է մեր երկրի օրենսդրության շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի մշակմանը, կիրականացվի տեղական գործընկերների կողմից: Անդրադարձ է կատարվել նաև տարածքի ակտիվացման փուլերին, որոնք ներառում են տարածքի նախապատրաստման, համապատասխան ճանապարհների կառուցման, կանաչապատման աշխատանքները, որոշակի հատվածների՝ երկաթգծի կայարանի, կացարանային հատվածի, մարզադաշտի և մշակույթի կենտրոնի կառուցմանը և այլն:

Նշվել է, որ աշխատանքներ են տարվում 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում միջազգային կոնֆերանսի անցկացման շուրջ:

Հաջորդիվ ծավալվել է քննարկում ներկայացված ռազմավարության շուրջ: Քննարկվող հարցերի շրջանակը ներառել են տեղական գործընկերոջ ընտրությունը, որը GMP ընկերության հետ համագործակցությամբ կիրականացնի «Ակադեմիական քաղաքի» քաղաքային ծրագրի գլխավոր հատակագծի և գոտևորման նախագծի մշակումը, ճանապարհային ցանցի և տրանսպորտի, ինժեներական ենթակառուցվածքների և կոմունալ ենթակառուցվածքի, լանդշաֆտային կազմակերպման ուրվագծումը և այլն: Քննարկվել են նաև երկաթգծի աշխատանքների հետ կապված անելիքները, ներդրումային ծրագրի ձևաչափի հետ կապված հարցեր: Նշվել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը թարմացնելու անհրաժեշտություն կա, որի համատեքստում ընդգծվել է Տաղանդների զարգացման ծրագրի ինտեգրման կարևորությունը:

Քննարկված հարցերի շրջանակում վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան