Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագիծը:

Որպես նախորդ քննարկումների լրացում՝ վարչապետը նշել է, որ այս ընթացքում բավականին մեծ աշխատանք է իրականացվել, և հույս հայտնել, որ այսօրվա քննարկումների արդյունքում եզրակացություններ կարվեն: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ որևէ ռազմավարություն, այդ թվում՝ ժողովրդագրության ռազմավարությունը չի կարող գոյություն ունենալ վակուումի մեջ, այսինքն՝ ընդհանուր համատեքստի մաս է: Վարչապետը պարզաբանել է, որ ժողովրդագրությունը, ըստ էության, բնորոշվում է, բառարանային ձևակերպմամբ, որպես գիտություն բնակչության կամ ազգաբնակչության մասին, առնչվում է կյանքի և ապրելու հայեցակարգի հետ: Ըստ վարչապետի՝ սա կապ ունի վերջին շրջանում առաջարկված քաղաքական քննարկման և բանավեճի հետ, որովհետև ժողովրդագրության ռազմավարության իրականացման արդյունավետությունը քննարկելիս կան բազմաթիվ կետեր, որոնց վերաբերյալ վերաբերմունքը շատ կոնկրետ է և դրական, բայց ամեն անգամ այդ կետերին հասնելիս վստահություն չկա, թե դրանք որքանով են իրատեսական իրագործել և ինչ արդյունքների կբերեն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարևոր է, թե կյանքի ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում, և Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում: «Եթե Հայաստանի Հանրապետության մեր ընկալումն այն է, որ, այնուամենայնիվ, հայեցակարգային առումով ֆորպոստ է, որի վրա հենվելով՝ մենք պետք է ձգտենք ավելի մեծ կամ, ինչպես ընդունված է ասել՝ պատմական Հայաստանին՝ դա կյանքի մի հայեցակարգ է: Եթե Հայաստանի Հանրապետությունը պետություն է, որի խնդիրն իր ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելն ու պաշտպանելն է և այս հենքի վրա սեփական քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունն ապահովելու համար պայմաններ ստեղծելը, դա բոլորովին ուրիշ հայեցակարգ է»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ժողովրդագրական ռազմավարությունը և Հայաստանի ժողովրդագրության ընթացիկ իրադրությունները քննարկելիս հաշվի չեն առնվում մի շարք ակնհայտ գործոններ, մասնավորապես՝ ինչքան մարդ է Հայաստանի Հանրապետությունից արտագաղթել միայն նրա համար, որ իր երեխան չհայտնվի խրամատում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոչ ոք չունի վիճակագրություն, թե այս կոմբինացիայի առումով Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի է զրկվել պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունից: Մինչդեռ, վարչապետի համոզմամբ, այդ մարդիկ հսկայական պոտենցիալ ունեին, ամենատարբեր ոլորտներում կարող էին շատ մեծ հաջողությունների հասնել: Ամփոփելով խոսքը՝ վարչապետն ընդգծել է՝ սա չի նշանակում, որ պետք է վերանայել ռազմավարությունը, այլ անհրաժեշտ է այն դիտել այս լույսի ներքո:

Հաջորդիվ՝ ներկայացվել են նախորդ քննարկումների արդյունքում կատարված աշխատանքները. ժողովրդագրական կանխատեսումների մոդելի վերանայում՝ հաշվի առնելով մարդահամարի արդյունքները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության ժողովրդագրական բնութագրի վերլուծություն և ներառում ռազմավարության մեջ, ռազմավարության ֆինանսական գնահատման հաշվարկի ամփոփում:

Անդրադառնալով ռազմավարական նպատակներին՝ ծնունդների աճ, մահերի նվազում, արտագաղթի նվազում և ակտիվ ծերության ծրագրերի իրականացում, նշվել է, որ վերանայված կանխատեսման մոդելը բազային սցենար է և ժողովրդագրական ռազմավարության գործողությունների ծրագիրը, մշտադիտարկման շրջանակը և ֆինանսական մոդելը կառուցված է հետևյալ երկու սցենարների վրա՝ արագացված սցենար և իներցիոն սցենար:

Մանրամասներ են ներկայացվել ժողովրդագրական ռազմավարության հիմնական ազդեցությունների վերաբերյալ: Ըստ այդմ՝ այն կհանգեցնի բնակչության ծերացման աճի նվազմանը, բնակչության երիտասարդացման աճին, կնվազեցնի եկամուտ-սպառման տարբերությունը՝ ավագ սերնդին ներգրավելով սոցիալ-տնտեսական գործունեության մեջ, Հայաստանն էապես կխթանի իր մարդկային ներուժի զարգացման ինդեքսը՝ դրանով իսկ նվազեցնելով առաջատար երկրների հետ առկա տարբերությունը և այլն:

Ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ ռազմավարության տարբեր կետերի շուրջ:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է պատրաստել քննարկումներն ամփոփող զեկույց, որի հիման վրա ռազմավարության նախագիծը կներկայացվի Կառավարության հաստատմանը, և կնախանշվեն հետագա քայլերը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան