Վարչապետը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների համատեղ ծրագրերի իրականացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանին:

Վարչապետը ողջունել է տիկին Մոլչանին Հայաստան կատարած այցի առիթով՝ կարևորելով Հայաստանի և ՄԱԿ-ի տարբեր մարմինների, այդ թվում՝ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի համակարգի դերակատարումը կայուն զարգացման նպատակների առաջմղման, բնապահպանական և տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման և կարողությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ոլորտային, մասնավորապես՝ էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով հետագա համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում Հայաստանի առաջընթացին։

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության տեսլականը ենթակառուցվածքների արդիականացման և բարելավման ուղղությամբ, այդ թվում՝ տրանսպորտային, լոգիստիկ, էներգետիկ և թվային ոլորտներում։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակումը՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում 2026 թվականին անցկացվելիք Կենսաբազմազանության 17-րդ համաժողովին (COP17)՝ ընդգծելով դրա ռազմավարական նշանակությունը թե՛ տարածաշրջանի, թե՛ գլոբալ բնապահպանական օրակարգում։

Տիկին Մոլչանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը ՀՀ Կառավարության հետ, մասնավորապես, կայուն զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման և շրջակա միջավայրի պահպանության ուղղություններով։

Related posts

Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր

Բախվել են մեքենաներ․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են

Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել