Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Խոր վշտով տեղեկացա մեծանուն ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանի մահվան մասին:

Անգնահատելի է պարոն Հովնանյանի դերը Հայաստանի ու Արցախի զարգացման և կառուցման գործում: Ե՛վ որպես ձեռնարկատեր, և՛ որպես բարերար նա իր հայրենանվեր գործերով միշտ կմնա մեր ժողովրդի վառ հիշողություններում:

Պարոն Հովնանյանի ջանքերով իրականացվել են տասնյակ ծրագրեր, որոնք միտված են եղել աղետի գոտու վերականգնմանը, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու կառուցմանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը, մեր ժողովրդի բազմաթիվ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, արտերկրում Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանությանը:

Անվանի բարերարը ընդմիշտ կմնա որպես հայ ժողովրդի արժանի զավակ, ում գործունեությոնը միտված է եղել հայրենիքի առաջընթացին ու շենացմանը:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում պարոն Հովնանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և ընդհանրապես յուրաքանչյուր հայի:

Հանգչիր խաղաղությամբ, մեծանուն բարերար»,- ասված է վարչապետի ցավակցական հեռագրում:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում