Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը:

Ցուցահանդեսը բացվել է ի նշանավորումը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք: Մշակութային բացառիկ իրադարձությամբ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան բերված Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը: Ցուցանմուշները Հայաստան են տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության նպատակով՝ 6 ամսով: Դրանք համադրվել են Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից առանձնացված ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշների հետ՝ ներկայացնելով Մայր աստվածության գաղափարը` հեթանոսությունից մինչև քրիստոնեություն։ Ցուցադրությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցության շրջանակում։ Ցուցադրությունը սեպտեմբերի 21-ին բաց կլինի մինչև կեսգիշեր։ Այնուհետև Հանրապետության հրապարակում 20:00-ին նախ հնչել է Հայաստանի պետական օրհներգը, որից հետո տեղի է ունեցել համերգային հատուկ ծրագիր:

Related posts

Դավիթ Անանյանն անդրադարձել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը միջազգային ֆինանսական կազմակերպություններում գրավադրված լինելու տեղեկություններին

Իրանը միջուկային ռումբ չէր պատրաստում, երբ Իսրայելը սկսեց հարձակումները, բայց տարրեր կային. Գրոսսի

Նվազագույնը, ինչ կարող են անել եվրոպացիները, Իսրայելին դատապարտելն է, աջակցությունը դադարեցնելը. ՄԱԿ-ում Իրանի դեսպան