Վահրամ Դումանյանը և Կարեն Գիլոյանն աշխատանքային այց են կատարել Գյումրի քաղաք

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց են կատարել Գյումրի քաղաք՝ տեղում ծանոթանալու «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման շինաշխատանքներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

Նախարարն ընթացիկ աշխատանքները գնահատել է բավարար և հույս հայտնել, որ դրանք ավարտին կհասցվեն սահմանված ժամկետում։

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ՝ ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ:

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրի քաղաքի, այլև ամբողջ Հայաստանի համար:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին