Վահագն Խաչատուրյանը և ՌԱԿ վարչության ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետ Թամար Փոլադիան Պերոնին և վարչության ներկայացուցիչներին:

Հանդիպման մեկնարկին Հանրապետության նախագահը, ի դեմս կուսակցության ղեկավարության, շնորհակալություն է հայտնել Սփյուռքում հայապահպանության, ազգային ինքնության, կրթության և բազմաթիվ այլ ոլորտներում Ռամկավար ազատական կուսակցության հետևողական գործունեության համար: Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախացումից հետո կուսակցությունը մշտապես ունեցել է պետականակենտրոն դիրքորոշում և հնարավորինս նպաստել ու աջակցել է մեր պետականության կայացմանն ու ամրապնդմանը:

Ավանդական կուսակցության ղեկավարությունը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար շեշտել է, որ քաղաքական կազմակերպությունն իր ողջ հնարավորությունները պատրաստակամորեն ներդրել է Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Հանրապետության նախագահը ՌԱԿ շրջանային վարչության ատենապետին և ներկայացուցիչներին մանրամասներ է ներկայացրել երկրի ներքին կյանքում և արտաքին ճակատում տիրող իրադրության վերաբերյալ:

Անմիջական մթնոլորտում նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանում վերջին տարիներին իրականացված տնտեսական, ժողովրդավարական, կրթական և այլ բարեփոխումների վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին և մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացին: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ մեկնարկած սահմանազատման գործընթացը լիովին գտնվում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և կայուն խաղաղության հասնելու Հայաստանի հստակ դիրքորոշման տրամաբանության շրջանակներում:

Հանդիպմանը նախագահը նաև պատասխանել է երկրի տնտեսության հիմնական ուղղությունների, պաշտպանունակության բարձրացմանն ուղղված քայլերի և միջոցառումների, ինչպես նաև այլ ոլորտների վերաբերյալ հանդիպման մասնակիցների հնչեցրած հարցերին:

Related posts

Պատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի երկու մարզիկով

«ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում այլևս չեմ լինի Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ». Ռ.Ռուբինյան

ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել