Վահագն Խաչատուրյանը և Բուլղարիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային քաղաքական զարգացումներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին: Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Ողջունելով դեսպանին նախագահը շնորհավորել է նրան Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ և հաջողություններ ու բարգավաճում մաղթել Բուլղարիայի ժողովրդին:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակը՝ հիմնված երկու ժողովուրդների բարեկամության և մշակութային սերտ կապերի վրա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար դեսպան Կալին Անաստասովը նշել է, որ իր ջանքերն է ներդնում երկու երկրների միջև համագործակցության շարունակական ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բազմաշերտ փոխգործակցության առաջմղման նպատակով քայլերի ակտիվացման շուրջ հարցեր:

Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության և գիտության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, լավագույն փորձի փոխանակման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խթանման հեռանկարներին:

Զրույցի ընթացքում կարևորվել են երկու երկրների միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և համաձայնագրերի կյանքի կոչմանն ուղղված քայլերը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային ընդհանուր իրադրության և զարգացումների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները խաղաղ բանակցային ուղիով հաղթահարելու և հարևանների հետ հարաբերությունները բարիդրացիության սկզբունքների շուրջ ձևավորելու կարևորությունը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում