Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է երեկվա հանրահավաքին Քոչարյանի հայտարարությանը

Ընտրություններից հետո բարիկադներ չկան, կան քաղաքական օրակարգերի քննարկման պետական հարթակներ, հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում հնչած հայտարարությանը՝ թե այս իշխանությանը հեռացնելու են կա՛մ բարիկադներով, կա՛մ ընտրություններով:

Նախորդ օրվա հանրահավաքին անդրադարձել է նաև պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, առանձնացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկ արած հայտարարությունը, թե այս իշխանությունն արել է ամեն ինչ պատերազմը անխուսափելի դարձնելու և հրահրելու համար:

Ալեքսանյանի համոզմամբ՝ սա այն թեզն է, որ միջազգային հարթակներում առաջ տանելու համար Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսում:

Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) – Այդ թեզը Երևանի կենտրոնում 3700 հոգու առաջ հնչեցնելու պատճառը կամ մոտիվը ես հասկանալ չեմ կարող: Նույն բանը նա արել է ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների հետ հարցազրույցներում:

Աշխարհում ընդամենը 3 նախկին կամ ներկա պետության ղեկավար կա, որ հայտարարում է, թե Հայաստանն է սկսել 44-օրյա պատերազմը՝ Էրդողանը, Ալիևը ու Ռոբերտ Քոչարյանը: Սրա պարզաբանումը ինչ-որ մեկը պիտի տա՞, թե՞ չէ: Ի՞նչ է նշանակում ՀՀ-ի դեմ նման գործողություն, որովհետև նրա խոսքերը, որպես փաստացի ՀՀ խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժի առաջնորդի, Ադրբեջանը շատ հստակ օգտագործելու է միջազգային հարթակներում:

Գեղամ Նազարյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) – Ես ուղղակի ասեմ, որ ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ապա ոչ թե հայտարարում է, որ Հայաստանն է նախահարձակ եղել, ես խնդրում եմ ուշադիր լինել, այլ ընդամենը հերթական անգամ շեշտվեց, որ Հայաստանի վարած, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը Ադրբեջանին հնարավորություն տվեց սկսել պատերազմը:

Related posts

20 բնակավայր, 1 ուղերձ․ կանանց պայքարի ճանապարհը լուսանկարներում

Ուժեղ անձրևային հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. Պապոյան

Լիազորող նորմը Կառավարությանը հնարավորություն կտա ռազմամթերքը, զենքերը, լրամասերն ու բաղադրիչները տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին. ԲՏԱ նախարար