Ստորագրվելու է հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր. Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Էյր Արաբիա»-ի խորհրդի նախագահին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Էյր Արաբիա» ավիաընկերության խորհրդի նախագահ Շեյխ Աբդուլլահ Բին Մոհամադ Ալ Թանիին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է այսօր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների ամենախոշոր ավիափոխադրող «Էյր Արաբիա»-ի միջև հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Վարչապետի պաշտոնակատարը գոհունակությամբ է նշել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և ավիաընկերության միջև մի քանի ամիսների սերտ ու հետևողական բանակցությունների արդյունքում հնարավոր է դառնում կյանքի կոչել այս հավակնոտ ծրագիրը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունն իր գործիքակազմերով պատրաստ է օժանդակել ավիաընկերության արդյունավետ գործունեությանը, ինչը կնպաստի ուղևորահոսքերի ընդլայնմանը, նոր ներդրումների ներգրավմանը, զբոսաշրջության զարգացմանն ու քաղաքացիներին ավիացիոն ոլորտում ժամանակակից և որակյալ ծառայությունների մատուցմանը:

«Էյր Արաբիա»-ի տնօրենների խորհրդի նախագահը վստահություն է հայտնել, որ հայկական ազգային ավիափոխադրողի հիմնումը, նոր ուղղություններով ավիաչվերթների կազմակերպումը նոր ազդակ կհաղորդվի հայկական ավիացիոն շուկայի զարգացմանը: Նրա խոսքով՝ իրենք Երևանը դիտարկում են որպես ավիահաղորդակցության ընդլայնման հետաքրքիր հնարավորություն: Ավիաընկերությունը գործելու է բյուջետային ավիաընկերություններին հատուկ սակագներով՝ մատուցելով բարձրակարգ ծառայություններ:

Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել ավիաընկերության գործունեությանը և նշել, որ ՀՀ քաղաքացիները ցածր սակագներով ավիահաղորդակցության կազմակերպումը դիտարկում են որպես ճանապարհորդության և մատուցվող ծառայությունների ընտրության ավելի լայն հնարավորություն:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրենը և «Էյր Արաբիա»-ի ղեկավարությունը ներկայացրել են նախատեսվող ծրագրերն ու հետագա քայլերը:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում