Ստեփանակերտում և Արցախի մի շարք քաղաքային համայնքներում նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 1-ը սահմանվում է կարանտին

Համաձայն Հանրապետության նախագահի հանձնարարականի, նոյեմբերի 3-ին, շահագրգիռ պետական և համայնքային կառույցների ղեկավարների ներգրավմամբ, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) մասշտաբների տարածման փաստով ձեռնարկվող կարանտինային միջոցառումների իրականացման հարցերին։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԽ գրասենյակը:

Խորհրդակցությանը զեկուցմամբ հանդես է եկել առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։ Նրա տվյալներով՝ վերջին ամսվա ընթացքում Հանրապետությունում շեշտակի մեծանում է համավարակի տարածումը, որը կանխելու համար անհրաժեշտ է ձեռնարկել իրավիճակից բխող ընդգրկուն և շտապ միջոցներ։

Ըստ այդմ, խորհրդակցությանը ներկայացվել են քաղաքային համայնքների ղեկավարների որոշումների նախագծեր, որոնց համաձայն՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ի ժամը 22։00-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ, Ստեփանակերտում և Հանրապետության մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին։ Նախագծերով ներկայացվել են նաև կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները։

Դրանից բացի, մոտակա օրերին հանրային հարթակներով կիրականացվեն իրազեկման միջոցառումներ, որոնց շարքում առանձնակի կարևոր է պատվաստման տեսակարար կշիռը բնակչության շրջանում մեծացնելուն ուղղված քարոզչական բաղադրիչը։ Բնակչության կողմից խնդրի չափերի ու նշանակության ճիշտ ընկալման ապահովման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես կատարելու են մեծ ծավալի աշխատանքներ, շեշտել է Վ․ Բալասանյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են առողջապահության նախարարը, պաշտոնատար այլ անձինք։

Related posts

Երևանում հրկիզել են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները