Սպանություն Գյումրիում՝ ցայտաղբյուրի մոտ շան միզելու պատճառով․ տուժողի ձերբակալված հարևանին մեղադրանք է ներկայացվել

ՔԿ-ից հայտնում են, որ 2024 թվականի մարտի 13-ին՝ ժամը 18:58-ին, Գյումրու շտապօգնությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ կանչով Գյումրի քաղաքի Տիմիրազև փողոց մեկնած խումբը հայտնաբերել է տղամարդու դի՝ կտրած-ծակած վնասվածքներով:

«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը և ձեռնարկել քննչական և օպերատիվ անհրաժեշտ միջոցառումներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Իրականացված միջոցառումներով պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ վնասվածքներ ստացած անձի ինքնությունը, ով նույն փողոցի բնակիչ է՝ ծնված 1963 թվականին, ինչպես նաև շարժառիթը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Վերջինս տուժողի 47-ամյա հարևանն է:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է արնանման նյութի հետքեր, հանցագործության գործիք հանդիսացող դանակը, վերցվել են դեպքի վայրում առկա տեսագրող սարքերի տեսագրությունները և ենթարկվել զննության, կատարվել են առգրավումներ և նմուշառումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, օպերատիվ հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ քննությանը հետաքրքրող հանգամանքների պարզաբանման նկատառումներով։

Քննությամբ պարզվել է, որ նշված հարևանը և տուժողը վերջին շրջանում լարված փոխհարաբերություններ են ունեցել՝ վերջինիս շան պատճառով, քանի որ շունը մշտապես միզել է 47-ամյա հարևանի բակում գտնվող ցայտաղբյուրի մոտ: Դեպքի օրը, երբ 47-ամյա տղամարդը կրկին նկատել է շանը ցայտաղբյուրի մոտ, կրկին վիճաբանություն է առաջացել հարևանների միջև, որի ընթացքում տուժողը հարվածներ է հասցրել 47-ամյա հարևանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այնուհետև վերջինս, իր տանից վերցնելով դանակ, գնացել է տուժողի տան բակ, որտեղ դարձյալ վիճաբանել են, որի ընթացքում դանակով հարվածներ է հասցրել հարևանի մարմնի տարբեր մասերին ու նետելով դանակը՝ դիմել փախուստի:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 47-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ի մասով նախատեսված հանցագործությունն առերևույթ կատարելու համար։

Դատարան միջնորդություն է ներկայացվել վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Հարցաքննության ընթացքում վերջինս հաղորդում է ներկայացրել՝ տուժողի կողմից դեպքից առաջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իրեն մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ:

Դեպքի բոլոր հանգամանքներն անաչառ և համակողմանիորեն պարզելուն ուղղված քննչական և ապացուցողական գործողությունները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում