Սպանություն Գյումրիում՝ բարբառի հետ կապված լեզվակռվի ընթացքում․ առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է

2023 թվականի օգոստոսի 6-ին` գիշերը, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել հաղորդում այն մասին, որ նույն օրը աջ դաստակի շրջանում վնասվածքով «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի՝ 1983 թ․ ծնված բնակիչ, ով հայտնել է, որ վնասվածքն ստացել է ընկերոջը դանակահարելու ընթացքում միջամտելու ժամանակ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«Նույն օրը նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է կողերի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով մոտ 36 տարեկան տղամարդու դի։ Պարզվել է, որ վերջինս հանդիսանում է 36-ամյա Ա․ Սարդարյանը։

2023 թ․ օգոստոսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թ․ օգոստոսի 5-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Գյումրիում գործող ռեստորաններից մեկում բարբառի հետ կապված լեզվակռիվ է տեղի ունեցել նշված ռեստորանի երկու աշխատակիցների միջև, որը, արդեն երկու կողմից այլ անձանց ներգրավմամբ, շարունավել է աշխատանքայի ավարտից հետո, այլ վայրում՝ «Ձկի ձոր» տանող ճանապարհին։ Նրանց միջև խոսակցությունը կրկին վերաճել է վիճաբանության, որի ընթացքում մասնակիցներից մեկը սուր կտրող ծակող գործիքով հարվածել և վնասվածքներ է հասցրել իր հետ վիճաբանողներից 30-ամյա տղամարդու աջ ձեռքին, Ա․Սարդարյանի որովայնի հատվածին և դիմել փախուստի։ Ստացած վնասվածքներից Ա․Սարդարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Վնասվածք ստացած անձը, ինչպես նաև մահացած Ա․Սարդարյանը ճանաչվել են տուժող։ Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման նյութի հետքից նմուշներ, վիճաբանության հետ հնարավոր առնչություն ունեցող հարմարեցված առարկա՝ մահակ, և այլ իրեր։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ռեստորանից առգրավվել են դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող տեսագրությունները։

Դեպքի որոշ էական հանգամանքներ պարզելու և առերևույթ հանցանք կատարած անձին հայտնաբերելու վերաբերյալ հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։

Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում նշված անձը՝ Մասիս խոշորացված համայնքի բնակիչ 36-ամյա տղամարդը, հայտնաբերվել է ՀՀ Գեղարքունիքի մարզում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Վերջինս ձերբակալվել է։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում