Սպանություն Աքորի գյուղում. 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 16-ին՝ ժամը 21.50-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ալավերդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մինչ շտապօգնության խմբի մոտենալը՝ իրենց տան բակում հանկարծամահ է եղել Աքորի գյուղի բնակիչ Արտակ Սիմոնյանը:

«Մեկնած օպերատիվ-քննչական խումբը Աքորի գյուղի 2-րդ փողոցում հայտնաբերել է Արտակ Սիմոնյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի թիկունքային հատվածում հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր: Դեպքի առթիվ Թումանյանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հոկտեմբերի 16-ի ժամը 21.00-ի սահմաններում Արթուր Սիմոնյանի «ՎԱԶ-2106»-ը գյուղի 2-րդ փողոցում խափանվել է՝ խոչընդոտելով հիշյալ ճանապարհահատվածի երթևեկությանը, ինչի պատճառով ոչ սթափ վիճակում գտնվող 50-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել Արթուր Սիմոնյանի հասցեին: Համագյուղացի հասակակից տղամարդկանց միջև վեճ է սկսվել, քաշքշել ու հարվածներ են հասցրել իրար: Այդ ընթացքում Արթուր Սիմոնյանի 22-ամյա որդին, որը նույնպես ոչ սթափ վիճակում է եղել, մեքենայի սրահից վերցնելով սուր-կտրող առարկա՝ հարվածներ է հասցրել Արտակ Սիմոնյանին՝ պատճառելով մահ:

Հետագա միջոցառումների արդյունքում 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում