Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բելեմի գագաթնաժողովում զրուցակիցներին է ներկայացրել COP17-ի անցկացման շուրջ ՀՀ տեսլականը և իրականացվող աշխատանքները

Բրազիլի Բելեմ քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 30-րդ համաժողովին (COP30) ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում, նոյեմբերի 5-ից 7-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպումներ և զրույցներ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, Մոնակոյի ԱԳ նախարարի, Օմանի շրջակա միջավայրի գործակալության նախագահի, Քուվեյթի նավթի նախարարի, Սիերա Լեոնեի շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարարի, Սենեգալի շրջակա միջավայրի և էկոլոգիական անցման նախարարի, ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղարի և ծրագրերի համակարգման հարցերով գլխավոր տնօրենի, Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի գործադիր տնօրենի, ինչպես նաև Բրազիլի բնիկ ժողովուրդների նախարարի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակիցների ուշադրությանն է ներկայացրել 2026 թ. Հայաստանի կողմից հյուրընկալվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման շուրջ ՀՀ տեսլականը և իրականացվող աշխատանքները: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ հանձնառությունը` ուղղված ներառական և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ համաժողովի անցկացմանը:

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է COP17-ի շրջանակներում նախատեսվող Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների (KMGBF) առաջին գլոբալ վերանայման անկյունաքարային նշանակությունը, մասնավորապես կենսաբազմազանության կորստի դադարեցման և վերականգնման որոտում թափանցիկության և հաշվետվողականության ապահովման լավագույն միջոց։ Այս համատեսքստում կոչ է արվել առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերել COP17-ի նախապատրաստական աշխատանքներին։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրույցներում անդրադարձել է Ռիոյի երեք կոնվենցիաների՝ Կլիմայի փոփոխության, Կենսաբազմազանության և Անապատացման դեմ պայքարի, միջև սիներգիայի ապահովման անհրաժեշտությանը գլոբալ բնապահպանական օրակարգի արդյունավետ իրագործման համար։

Related posts

Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը

ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա