ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն արձագանքել են Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Մեծ Թաղեր գյուղում ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խամփերյանց) հուշարձանի ոչնչացման վերաբերյալ «Ինֆոտեկա 24»-ի և Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի հարցմանը:

Ռուսաստանի ՊՆ արձագանքում, մասնավորապես, ասված է, որ կիսում են քաղաքացիների մտահոգությունը հաջորդ սերունդների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության հարցում:

«Այս հարցը գտնվում է ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի համատեղ եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը:

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը և Մարդասիրական արձագանքման կենտրոնն անմիջականորեն ներգրավված են խնդրի լուծման մեջ՝ գործելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների, ինչպես նաև միջազգային լիազոր կազմակերպությունների հետ սերտ համակարգմամբ»,- նշված է պատասխանում:

Նույն թեմայով Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի հարցմանը պատասխանել է նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը՝ նշելով, որ Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանում պատմամշակութային, ճարտարապետական և կրոնական ժառանգության պահպանման հարցին։ Մոսկվան ելնում է նրանից, որ այն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների բոլոր բնակիչների սեփականությունը՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից։

ՌԴ ԱԳՆ-ն նաև հավաստիացրել է, որ արձանագրում է խորհրդային պետական գործիչների հուշարձանների ավերման բոլոր դեպքերը, այդ թվում՝ Խուդյակովի հուշարձանի, և հույս է հայտնում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը առաջիկայում կկարողանա այցելել տարածաշրջան:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում