ՌԴ Դաշնային խորհուրդը երրորդ երկրներին կոչ է արել չմիջամտել Ղարաբաղյան հակամարտությանը

Երրորդ երկրները, որոնք միջամտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը որպես պետություններից մեկի աջակից, արջի ծառայություն են մատուցում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Բոնդարյովը:

«Այն երկրները, որոնք այդ հակամարտությանը միջամտում են որևէ երկրի կողմից՝ բորբոքելով այն, իրենց ռազմական կոնտինգենտն օգնության ուղարկելով ազգային բանակներին կամ պատրաստվում են դա անել, արջի ծառայություն են մատուցում: Ոչ մի դրական արդյունքի իրադարձությունների այդպիսի զարգացումը բերել չի կարող»,- ասել է Բոնդարյովը:

Ինչպես հայտնել է հանձնաժողովի նախագահը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար պետք է երկու երկրների քաղաքական կամքը և «հզոր» աշխարհաքաղաքական միջնորդներ:

«Անհրաժեշտ է վերջ դնել արյունահեղությանը: Հիմա ամբողջ աշխարհը, ոչ միայն անդրկովկասյան տարածաշրջանը, գտնվում է բարդ տնտեսական, քաղաքական, համաճարակային իրավիճակում: Առկա իրավիճակում կարևոր է համախմբել ջանքերն ընդհանուր սպառնալիքի դեմ պայքարելու համար, ոչ թե մաքրել հին հաշիվներն ու բորբոքել հին վերքերը»,- նշել է հանձնաժողովի նախագահը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան