ՌԴ աջակցությամբ Արցախում նախատեսվում է կառուցել 8000 բնակելի տուն. քաղշին նախարարն անդրադարձել է ավերածություններին և դրանց վերացման աշխատանքներին

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և ավելացրել, որ չվերականգման ենթակա օբյեկտների մեծ մասը բնակելի տներ են:

Քաղաքաշինության նախարարի խոսքով՝ ներկայումս կանգնեցվել են ծրագրային բոլոր օբյեկտների, ճանապարհաշինության և բնակարանաշինության ոլորտների շինարարական աշխատանքները: Այժմ ավերված շինությունների գույքագրման և շինարարական աշխատանքներն ընթանում են իրար զուգահեռ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում վնասները վերականգնվեն:

Պատերազմի ընթացքում քաղաքաշինության նախարարության հիմնական աշխատանքները կենտրոնացված էին քաղպաշտպանության ոլորտում. դրանք կապված էին նկուղների կահավորման հետ: Ա. Սարգսյանը նշել է, որ նկուղներում հիմնական խնդիրը կապված էր հոսանքների գծերի անցկացման, աթոռների, մահճակալների տեղադրման հետ:

Այս օրերին քաղաքաշինության նախարարության կողմից աշխատանքներն են ընթանում ավելի լայն թափով: Միայն Ստեփանակերտ քաղաքից արդեն իսկ ներկայացվել է 3000 դիմում: Հանրապետության շրջաններում, համագործակցելով շինարարական կազմակերպությունների հետ, հիմնական աշխատանքն իրականացվում է շրջվարչակազմերի միջոցով:

Հաշվի առնելով ձմեռային ժամանակաշրջանը՝ Ա. Սարգսյանը ներկայումս առաջնահերթ է համարում տանիքների և ջարդված պատուհանների վերականգման աշխատանքները, որոնք պետք է մինչև հունվար ավարտվեն:

Պատերազմի հետևանքով ավերածություններից ամենաշատը տուժել է Մարտունու շրջանը, մասնավորապես՝ Մարտունի քաղաքը, ապա նաև մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ա. Սարգսյանը տեղեկացրել է, որ ՌԴ աջակցությամբ, ընդհանուր առմամբ, նախատեսվում է կառուցել մոտ 8000 արագ կառուցվող բնակելի տուն, որոնք բաղկացած կլինեն 2,3,4 սենյակներից: Քաղաքաշինության նախարարությունը տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն արդեն ներկայացրել է առաջին 1000 տան դիմումները, որպեսզի, ըստ առաջնահերթությունների, իրականացվի հաշվառում և ներկայացվի ընտանիքների կազմը:

Անդրադառնալով պատերազմի հետևանքով կրթական, մշակութային և առողջապահական ոլորտների ենթակառուցվածքների ավերածություններին՝ նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ ևս գույքագրման աշխատանքներն ընթանում են: Այս համատեքստում Ա. Սարգսյանն առանձնացրել է Ստեփանակերտի նորակառույց ծննդատան շենքը, որում ավերածությունները զգալի թիվ են կազմում. ի դեպ ծննդատան նոր շենքը, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտվել էին, պետք է շահագործման հանձնվեր դեկտեմբեր ամսին:

Related posts

Սպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին

Կառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներ

Մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, անընդհատ գնում ենք կոմպրոմիսների և արդյունքում տուժում են երեխաները