Ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն հայրենիք․ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն՝ առանց որևէ պայմանների։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը , Սխերմերսը այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն․սա է Նիդերլանդների կառավարության դիրքորոշումը։ Ես կարող եմ միայն մեծ հույս հայտնել, որ ռազմագերիները կվերադառնան հայրենիք առանց որևէ պայմանի»,- ասաց Սխերմերսը։

Դեսպանը հիշեցրեց, որ նախորդ շաբաթ Հայաստանում և Ադրբեջանում են գտնվել Եվրամիության երկրների ներկայացուցիչներ՝ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգին, ովքեր այցի շրջանակներում քննարկել են նաև գերիների վերադարձի հարցը։

Նիդերլանդների դեսպանը նաև անդրադարձավ Բաքվում բացված այսպես կոչված «ռազմավարի պուրակին»՝ ընդգծելով, որ նման բան չպետք է տեղի ունենար, դա անընդունելի է, ինչը նաև Նիդերլանդների կառավարության դիրքորոշումն է։ Դեսպանը շոկային է համարում պուրակի բացումը և գտնում է, որ այն չի նպաստում խաղաղությանը։

«Ակնկալում ենք վստահության մթնոլորտի ձևավորում։ Կողմերը պետք է հարցերի լուծման ուղիները քննարկեն դիվանագիտական մակարդում, որ այս տարածքում համակեցության ճանապարհներ գտնեն»,- եզրափակեց Նիդերլանդների դեսպանը։

Ադրբեջանը շարունակում է ամբողջությամբ չկատարել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիների վերադարձը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հունիսի 17-ի դրությամբ Ադրբեջանում կա 60 հայ գերի, ինչպես նաև կա վարկած 110 գերիների մասին: Ադրբեջանում շուրջ 20 հայ ռազմագերու նկատմամբ կեղծ դատավարություններ են սկսվել, նրանց մեղադրում են սպանության, դիվերսիաների և այլ հանցագործությունների մեջ: Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրված հայտարարության 9-րդ կետում նշված է, որ պետք է իրականացվի ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում