ՊՈԱԿ-ների տնօրենների թեկնածուների համար կսահմանվի 3 տարվա ստաժի պահանջ. նախագիծը հավանություն ստացավ

ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուների համար սահմանել 3 տարվա համապատասխան մասնագիտական ստաժի պահանջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց համահեղինակ Հերքինազ Տիգրանյանը:

«Նախագիծը միտված է ՊՈԱԿ-ների գործադիր մարմինների ընտրության նոր չափորոշիչների սահմանմանը՝ այն առումով, որ լինեն համապատասխան բնագավառի իմացության ստուգում և թեստավորման, հարցազրույցի փուլեր: Նպատակը նաև այն է, որ մրցույթներն անցկացվեն ավելի թափանցիկ և ընտրվեն ոլորտի մասնագետ անձանցից»,-ասաց Տիգրանյանը:

Այսպիսով ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն եւ առնվազն երեք տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ընդ որում` պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակվում են մրցույթի արդյունքում: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կառավարությունից և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ստացվել են առաջարկներ: ԼՀԿ-ն առաջարկել է, որ մրցութային փուլի հարցազրույցի ամբողջ ընթացքը տեսանկարահանվի, որն ընդունելի է եղել հեղինակների համար: Գործադիրի առաջարկները ևս ընդունվել են: Նախապես առաջարկվել էր 2 տարվա ստաժի պահանջ, երկրորդ ընթերցմամբ քննարկման համար շեմը բարձրացվել է 3 տարի՝ շեշտելով համապատասխան բնագավառում ստաժի պահանջը:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան