Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. ՀՀ-ում կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ

Գործադիրն ընդունել է ««Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում: Նման հիմնադրամի հիմնումը նախատեսում է Հիմնադրամում հավաքագրված դրամական միջոցների հաշվին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողներին տրամադրել դրամաշնորհներ, որը միտված է հանրօգուտ բովանդակություն (մշակութային, կրթական, ուսումնական, գիտակրթական), մանկական, մարզական և այլ տեսալսողական հաղորդումների և հաղորդաշարեր) ստեղծելուն, ինչպես նաև հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող տեսալսողական ծրագրերում հանրօգուտ բովանդակության չափաբաժինը մեծացնելուն:

Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում դեռևս ձևավորված չէ տեսալսողական ծառայությունների մատուցման և սպառման այնպիսի համակարգ, որտեղ հեռարձակողներին կարելի է բնութագրել որպես բազմակարծիք, բազմազան և հանրային շահը սպասարկող։ Ըստ այդմ՝ որոշման ընդունումը պայմանավորված է հանրօգուտ մեդիամիջավայրի ստեղծման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու հրամայականով, ինչի համար առավել նպատակահարմար կազմակերպական ձև է ընտրվել պետության կողմից հիմնադրամի ստեղծումը:

Արդյունքում՝ հիմնադրամը կնպաստի հանրօգուտ հաղորդումներ մատուցելու եղանակով սոցիալական տարբեր հասակային խմբերի (երեխաների, թոշակառուների, աշխատողների) բազմազանության զարգացմանը: Ինչպես նաև կնպաստի մանկական, մշակութային, գիտակրթական, իրավական գիտելիքների բարձրացման, բացասական երևույթների դեմ պայքարող հաղորդումների ու հաղորդաշարերի պատրաստմանն ու հեռարձակմանը, նաև օտարերկրյա հանրօգուտ հաղորդումների, հաղորդաշարերի, սերիալների, վավերագրական ֆիլմերի գնմանը, թարգմանությանն ու հեռարձակմանը։

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետն առաջարկել է հիմնադրամի կանոնադրությունում կատարել լրացում. «Պետք է պարզել՝ սա հեռուստաընկերությունների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների: Եթե հեռուստաընկերությունների համար է, եկեք ոչ մի բան չանենք, ասենք՝ հեռուստաընկերությո՛ւն, քեզ՝ այսքան, քեզ՝ այսքան: Եթե հեռուստադիտողի համար է, ուրեմն պետք է ասենք՝ հեռուստաընկերությո՛ւն, այս արտադրանքը պետք է հասնի հեռուստադիտողին:

Եթե դուք չեք կարողանում հեռուստադիտողին հետաքրքրել, ուրեմն մեր գումարը նպատակին չի ծառայում: Այստեղ է խնդիրը: Սա կանոնադրության մեջ պետք է ամրագրվի: Այսօր հազարավոր մարդիկ եթերի որակից են բողոքում: Սա նշանակում է, որ արդյունքում, առնվազն, այդ բողոքները պետք է նվազեն»:

Related posts

Վալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

ՀՀ նախագահը և Ղազախստանի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել մշակույթի և հարակից ոլորտներում համագործակցության խորացման ուղիների շուրջ

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատանքով և վճարած հարկերով նպաստում է պետության զարգացմանը