ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը Ռուսաստան

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ-ում գործող կազմակերպության անվամբ սեփականատերը պատրաստվում է Հայաստանից Ռուսաստան արտահանել սիգ ձկնատեսակի ձկնկիթ՝ ապրանքները ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու եղանակով:

Ստացված օպերատիվ տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարել ՀՀ-ից ՌԴ արտահանվող, տարանցման հայտարարագրով հայտարարագրված 4520 կգ համաքաշով և 3840 կգ զտաքաշով իշխան ձկնատեսակի հատիկավոր խավիարը: Արդյունքում բավարար կասկած է առաջացել, որ զգալի մասը, հնարավոր է, հանդիսանում է սիգ ձկնատեսակի հատիկավոր ձկնկիթ։

Իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից հայտարարագրված 4520 կգ համաքաշով և 3840 կգ զտաքաշով իշխան ձկնատեսակի կարմրավուն հատիկավոր ձկնկիթի փոխարեն փաստացի առկա է 4918 կգ համաքաշով և 4260 կգ զտաքաշով սիգ ձկնատեսակի նմանվող դեղնավուն մանր հատիկավոր խավիար։

ՀՀ Կառավարության թիվ 2002 որոշման համաձայն սահմանվել է Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք, ուստի հայտնաբերված սիգ ձկնատեսակի նմանվող դեղնավուն մանր հատիկավոր ձկնկիթից վերցվել են փորձանմուշներ` դրանց իրական տեսակը պարզելու համար: Նշանակվել է դատակենդանաբանական փորձաքննություն։

Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հայտարարագրված ապրանքները չեն հանդիսացել իշխան ձկնատեսակի, այլ սաղմոնների ընտանիքի՝ սիգ տեսակի ձկնկիթ է եղել։

Փաստի առթիվ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ կազմված նյութերը տրամադրվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու համար։

Related posts

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Հռոմի նոր Պապ է ընտրվել Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին