Պարզվել են Երևանի 37-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու և առևանգելու դեպքերի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են խուլիգանություն կատարելու, Երևան քաղաքի 37-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու և առևանգելու դեպքերի հանգամանքները։ Քրեական վարույթի նախաքննությունը՝ 4 անձի վերաբերյալ, ավարտվել է:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 36-ամյա բնակիչը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, վերոնշյալ 37-ամյա տղամարդու և Երևանի մեկ այլ 37-ամյա բնակչի միջև նախկինում եղած ընկերական հարաբերություններն օգտագործելով, վերջինիս օժանդակությամբ, 2019 թվականի մարտի 31-ին տուժողին խաբեությամբ կանչել է Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող շենքերից մեկի բակ և մի խումբ անձանց հետ 32- և 33-ամյա տղամարդկանց վարած «Օպել Աստրա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներով ուղևորվել է նշված շենքի բակ:

Նշված վայրում ժամը 01:20-ի սահմաններում 36-ամյա տղամարդը, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, խախտելով բազմաբնակարան բնակելի շենքի բնակիչների անդորրը, հայհոյանքեր է հնչեցրել 37-ամյա տղամարդու հասցեին, մահակներով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, գցել գետնին և շարունակել ծեծի ենթարկել նրան:

Այնուհետև վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով, հարկադրաբար նստեցրել են նրան «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան և առևանգել՝ տեղափոխելով Էրեբունի վարչական շրջան՝ ճանապարհին, ավտոմեքենայի սրահում, շարունակելով բութ առարկաներով հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որոնք համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերին, 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին, 297-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխանաբար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավի հետ համակցված կիրառվել է նաև բացակայելու արգելքը:

32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին, իսկ 33 և 37-ամյա տղամարդկանց՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Քրեական վարույթից անջատվել է նշված 4 մեղադրյալների վերաբերյալ մասը, որի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում