Պարզաբանում` «Մայրենի 5» դասագրքի շուրջ տարածվող լուրերի վերաբերյալ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ներկայացնում են պարզաբանում` «Մայրենի 5» դասագրքի շուրջ տարածվող տեղեկատվությունների վերաբերյալ։
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ստեղծվել է «Մայրենի 5» նոր դասագիրքը (Մայրենի 5–րդ դասարանի դասագիրք, Ա․ Գալստյան, Թ․ Թովմասյան, «Էդիթ Պրինտ» հրատ., Երևան 2023), որը գործածության մեջ է մտել 2023-2024 ուսումնական տարվանից: Նշված դասագիրքն արդեն տպագրվել և առաքվել է դպրոցներ, ինչպես նաև հասանելի է դրա էլեկտրոնային տարբերակը` Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքում և ԿՏԱԿ-ի պաշարների շտեմարանում՝ https://tinyurl.com/st7m7avt : Նոր դասագրքերի գործածությամբ՝ նախկին դասագրքերը դպրոցներում այլև չեն օգտագործվում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Մայրենի 5» նախկին դասագիրքը (1-ին մաս, 2-րդ մաս, հեղինակներ՝ Դավիթ Գյուրջինյան, Թամարա Ալեքսանյան, Աշոտ Գալստյան, «Էդիթ Պրինտ» հրատարակություն) առաջին անգամ երաշխավորվել է 2006 թվականին, երկրորդ անգամ՝ 2011 թվականին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից և մինչև 2023 թվականը, ըստ գործածության ժամկետների, պարբերաբար վերահրատարակվել է: Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքում` dshh.am, հրապարակված են դպրոցներում օգտագործված դասագրքերի էլեկտրոնային տարբերակները, որտեղ նշված դասագրքի կազմը երաշխավորվել է հայկական եռագույնի պատկերով` https://tinyurl.com/3era57ea
Նշված դասագրքի կազմը` այլ գունային պատկերով, երբևէ չի երաշխավորվել դպրոցներում օգտագործելու համար: Համացանցում շրջանառվող լուրերը, թե նախարարության կողմից երաշխավորվել է դասագիրք, որի կազմի վրա ադրբեջանական դրոշի գույներն են, ապատեղեկատվություն են և աղերս չունեն իրականության հետ:
Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում և կոչ ենք անում չտրվել հնարքի ազդեցությանն ու անհարկի մանիպուլյացիաներին: Որևէ տեղեկատվություն տարածելուց կամ դրա վերաբերյալ քննարկում ծավալելուց առաջ անհրաժեշտ է դրա իսկությունը ստուգել պաշտոնական հարթակներում:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան