Պատրաստ եմ աջակցել Ձեզ՝ ի նպաստ ուժեղ և կայուն պետականության. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունից:

«Հարգելի պարոն Խաչատուրյան,

Շնորհավորում եմ Հանրապետության նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ:

Հանրապետության նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում, երբ առկա են հրատապ լուծում պահանջող բազում ներքին և արտաքին խնդիրներ:

Շնորհավորանքիս հետ մեկտեղ՝ Ձեզ մաղթում եմ առողջություն, որը կարևորագույն նախապայմաններից մեկն է, որպեսզի կարողանաք հաջողությամբ և հաստատակամությամբ պաշտպանել և առաջ մղել մեր երկրի շահերը, արժանապատվորեն ծառայել հայոց պետությանն ու ժողովրդին:

Կարևորելով հայրենիքի և ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագան՝ պատրաստ եմ աջակցել Ձեզ՝ իմ հնարավորությունները, փորձը, կապերը, ներուժը ծառայեցնել ի նպաստ ուժեղ և կայուն պետականության։

Հաջողություն և ամենայն բարիք Ձեզ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան