Պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնելը կարող է հանգեցնել աշխատանքից ազատման. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը խորհրդարանում ներկայացրեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը:

Փոխնախարարի խոսքով՝ փոփոխությունը միտված է աշխատողների՝ առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովմանը:

«Փոփոխությունը սահմանում է՝ վարակիչ հիվանդությունների տարածմանը, կանխարգելմանն ուղղված համաճարակային անվտանգության կանոններով նախատեսված, աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթեր չներկայացնելու պարագայում հիմք է ստեղծվելու աշխատողին աշխատավայր չթողնելու, իսկ հետագայում նաև՝ աշխատանքից ազատելու համար»,- ասաց փոխնախարարը:

Այսպես, եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստված կամ թեստավորված լինելը հավաստող փաստաթուղթը, ապա գործատուին իրավունք է տրվում չթույլատրել նրան ներկայանալ աշխատավայր: Գործատուն իրավունք է ստանում նաև չվճարել աշխատակցին այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ:

«Աշխատողի՝ 10 աշխատանքային օր բացակայելու դեպքում գործատուն իրավունք է ստանում նրան ազատել աշխատանքից: Նույն պատճառով 3 ամսվա ընթացքում 20 աշխատանքային օր բացակայությունը նույնպես իրավունք է վերապահում գործատուին լուծել աշխատանքային պայմանագիրը»,- ասաց նա:

Նա նշեց, որ այս կարգավորումները չեն տարածվում մի շարք պաշտոնյաների վրա:

«Կարգավորումները չեն տարածվում ՀՀ նախագահի, ԱԺ պատգամավորների, վարչապետի, համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, Մարդու իրավունքների պաշտպանի, ՍԴ դատավորների, անկախ պետական մարմնի անդամի, Վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյանի դատավորների վրա, գլխավոր դատախազի պաշտոնների վրա: Բացառությունը բացատրվում է նրանով, որ տվյալ պաշտոնները կա՛մ ընտրովի են, կա՛մ Սահմանադրության ուժով են մտնում և վերադասություն չունեն»,- ասաց փոխնախարարը:

Related posts

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը. այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

«Աստեր» վայր, որտեղ ամեն երեխա բացահայտում է իր աստղը

Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրվարույթի նյութերը