Պաշտոնատար անձինք մեղադրվում են 4,5 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ. պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով, կատարել են խոշոր չափերով՝ 4.501.550 ՀՀ դրամի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում ՊՈԱԿ-ի կարիքների համար տարբեր ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով ներկայացված գնման հայտերի հիման վրա նշված ՊՈԱԿ-ից մի շարք ԱՁ-ների և ՍՊԸ-ների պարբերաբար փոխանցվել են նախատեսվածից ավելի գումարներ, որոնք վերջիններիս կողմից կանխիկացվել  և փոխանցվել են վերը նշված պաշտոնատար անձանց:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ մի շարք դեպքերում որոշ ապրանքներ ընդհանրապես չեն առաքվել, և գնման հայտերով նախատեսված ծառայությունները չեն մատուցվել, սակայն նշված պաշտոնատար անձինք կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրությունների մեջ մտցրել են տվյալ ծառայությունը մատուցված լինելու կամ ապրանքը առաքված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ:

Վերը նշված հանցավոր արարքների համար երկու պաշտոնատար անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ մյուսին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:  Վերջիններիս նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը:

Պետությանը պատճառված 4.501.550 ՀՀ դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է