Ուկրաինան երբեք ամերիկյան զենքով չի հարվածել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախների. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Կիևը կցանկանար ստանալ ռուսական սառեցված ակտիվները 2026 թվականի սկզբին:
Եվրոպական երկրները քննարկում են Եվրամիությունում արգելափակված շուրջ 140 միլիարդ եվրո ռուսական ակտիվներն Ուկրաինային տրամադրելու հարցը: Սակայն գագաթնաժողովի ավարտին կոնկրետ որոշում չի կայացվել:
Զելենսկու խոսքով՝ այդ հարցի շուրջ քննարկումները բարդ են եղել: Մամուլի ասուլիսում Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան ունի հեռահար հարվածներ հասցնելու հնարավորություններ և երբեք Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախների չի հարվածել ամերիկյան զենքով:
«Ամերիկյան զենքը կիրառվել է միայն ժամանակավորապես օկուպացված տարածքներում։ Ուկրաինան կարող է սեփական հեռահար միջոցներով հարվածներ հասցնել 150-3000 կմ հեռավորությամբ»,- ընդգծել է Զելենսկին:
Գագաթնաժողովից առաջ Զելենսկին ողջունել էր Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության և Միացյալ Նահանգների լրացուցիչ պատժամիջոցները: Նա նաև նշել էր, որ խաղաղության շուրջ բանակցություններում տարածքային զիջումների չի գնա, հավելել՝ պատրաստ է հրադադարի շուրջ բանակցությունների ցանկացած ձևաչափով:

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում