Որևէ «միջանցքի» հարց չի քննարկվում. Գևորգյանը հերքում է «Մեղրիի միջանցքի» մասին խոսակցությունները

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված տարածաշրջանային ապաշրջափակման պայմանավորվածություններում որևէ «միջանցքի» հարց չի քննարկվում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով «Զանգեզուրի կամ Մեղրիի միջանցքի» վերաբերյալ խոսակցություններին ու հայտարարություններին:

Հարց — Ի՞նչ աշխատանքներ են տարվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպումից ու տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապարաշրջափակման վերաբերյալ ընդունված համատեղ հայտարարությունից հետո: Աշխատանքները ո՞ր փուլում են գտնվում:

Պատասխան — Այս պահին աշխատանքները շարունակում են փորձագիտական ենթախմբերը, որոնք զբաղվում են երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով, ինչպես նաև փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով: Տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում քննարկվել են միջազգային փոխադրումների հետ կապված անվտանգության, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության կազմակերպման հարցեր՝ ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաև այլ բազմակողմ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում: Քննարկվում են նաև երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման հնարավոր տարբերակները, դրանց ժամկետները, ծախսերը և տեխնիկական հնարավորությունները: Ըստ ուղղությունների և ուղիների քննարկվում են հարավային ու հյուսիսային ուղիները, ինչպես նաև վերջիններս կապող հատվածները: Նշյալ ենթախմբերի տարվող աշխատանքները դիտարկվել են նաև եռակողմ՝ փոխվարչապետերի համատեղ համանախագահության ներքո գործող Աշխատանքային խմբի կողմից:

Հարց — Ի՞նչպես կմեկնաբանեք «Զանգեզուրի կամ Մեղրիի միջանցքի» վերաբերյալ խոսակցություններն ու հայտարարությունները: Արդյոք նման հարց քննարկվում է:

Պատասխան — Ներկայումս փորձագիտական խմբերը կենտրոնացած են բոլոր հնարավոր ուղղություններով ենթակառուցվածքների ֆիզիկական հնարավորությունների և տեխնիկական վիճակի գնահատման աշխատանքների վրա: Որևէ «միջանցքի» կամ «միջանցքի կարգավիճակի» հարց չի քննարկվում: Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին: Հայաստանի Հանրապետության տարածքով որեւէ միջանցքի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չի ասվում: Խոսքը տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացման մասին է, ինչը հստակեցվել է հունվարի 11-ի համատեղ հայտարարությամբ:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան