Ոստիկանության ներդրումն անուրանալի է հայրենիքի սահմանները պաշտպանելու, երկրում օրինականություն ապահովելու գործում. Վահե Ղազարյանի ուղերձը

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում ասված է.

«Հայաստանի Հանրապետության ծնունդը, հայոց պետականության վերականգնումն ու հաստատումը հայ ժողովրդի բազում սերունդների երազանքն էր, որ իրականություն դարձավ 1918 թվականի մայիսի 28-ին:

Իրականություն դարձավ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերի, հազարավոր հայորդիների մեծ սխրանքի, ինքնիշխան պետությանն իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցների նվիրումի շնորհիվ:

Հայաստանի Հանրապետության հռչակումը շրջադարձային էր ողջ հայության համար: Անկախ պետականությունն այլևս համազգային գաղափար էր, որն աշխարհի հայերին ապրեցնում է արդեն դարից ավելի՝ բոլոր ձեռնարկները մղելով մեկ թիրախի, ապահովելով ազգային միասնականություն և միասնական նպատակներ:

Մեծ տոնի առթիվ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ողջ անձնակազմին, որի ներդրումն անուրանալի է հայոց պետականության վերահաստատման և ամրապնդման, հայրենիքի սահմանները պաշտպանելու, երկրում հասարակական կարգ և օրինականություն ապահովելու գործում:

Շնորհավորում եմ բոլորիդ ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին:

Շնորհավորում եմ բոլորին ու բոլորիս՝ մեր պետության ծննդյան օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, շենացում, իրականացում մեր ազգային իղձերի ու ծրագրերի»:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան