Ոստիկանները լուսադեմին ցուցարարներից ազատել են Ռուսթավելու պողոտան

Վրաստանի մայրաքաղաքում ամբողջ գիշեր տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որոնք ուղեկցվել են ցուցարարների և իրավապահների միջև բախումներով։ Ցուցարարները լուսաբացը դիմավորել են Ռուսթավելու պողոտայում։ Ոստիկանությունը կարողացել է այն ազատել ցուցարարներից միայն լուսադեմին։

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի դեմ պայքարող քաղաքացիները փողոցներ էին դուրս եկել չորեքշաբթի: Նախ կանանց երթ է իրականացվել, որին մասնակցել է մի քանի հազար մարդ, իսկ արդեն երեկոյան Ռուսթավելու պողոտայում` խորհրդարանի շենքի մոտ, սկսվել է ավելի զանգվածային ցույց: Ուշ գիշերով ցույցի մասնակիցները շարժվել են դեպի Արդարադատության տուն, նրանք կաթվածահար են արել երթևեկությունը, կոտրել Ռուսթավելու պողոտայում գտնվող Ազգային թանգարանի դռները, ինչի հետևանքով ստիպված են եղել ցուցանմուշները տեղափոխել անվտանգ վայր:

Առանձին ակտիվիստներ փորձել են մուտք գործել խորհրդարան: Ոստիկանների ուղղությամբ նետվել են շշեր և քարեր, ի պատասխան` ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:

Բացի դրանից՝ ցուցարարները շրջել են ոստիկանական մեկ մեքենա։ Ակցիայի մասնակիցները, որ դեմ են օրինագծին, այն որակում են ռուսական` պնդելով, թե վրաց իշխանությունները նախագիծը մշակելիս կողմնորոշվել են ռուսական նմանատիպ նախագծով:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին