Ոչ ոք չի կարող Խաղաղության համաձայնագիրը թաքուն ստորագրել, դա ընդդիմության մոլորեցնող ձևակերպումն է. Կոնջորյան

Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է Ադրբեջանի Հանրապետությանը սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ: Երբ առարկայական շարժվենք այդ ճանապարհով, պատշաճ ժամկետներում տեքստը հայտնի է դառնալու, հանրությունը դրա մասին տեղեկանալու է, տեքստը անցնելու է ներպետական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով, վավերացվելու է:

Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Այսինքն որևէ մեկը չի կարող Խաղաղության համաձայնագրի նման ծանրակշիռ տեքստը հապճեպ, հանրությունից թաքուն ստորագրի: Դա ընդդիմության կողմից հերթական մոլորեցնող ձևակերպումներն են»,- ասաց Կոնջորյանը:

Ըստ էության Խաղաղության համաձայնագիրը, ըստ Հայկ Կոնջորյանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ է և սա չափազանց կարևոր քայլ է 2 երկրների միջև միջպետական հաաբերությունների հաստատման, թշնամանքի էջը փակելու, խաղաղություն հաստատելու և առաջ շարժվելու համար:

«Բայց ես ուզում եմ մի բան շեշտել, որ մենք չպետք է մտածենք, որ որևէ փաստաթուղթ, այդ թվում նաև Խաղաղության համաձայնագրի նման ծանրակշիռ փաստաթուղթը միայնակ բոլոր հարցերը կարգավորելու է մեկընդմիշտ: Ոչ, բայց սա չափազանց կարևոր մեկնարկ է, որը իր հետևից շոգեքարշի պես տանելու է խաղաղության հաստատման օրակարգը և մենք էս քաղաքական կամքը մեր կողմից ունենք»,- ասաց Կոնջորյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի  չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»  համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Ըստ ԱԳՆ-ի՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում