Գյումրիում, երբ խոսում ենք ասֆալտապատման մասին, տպավորություն է, թե մշտապես ավելի շատ աշխատանք կա գետնի տակ անելու, քան հենց բուն ասֆալտապատումը։ Այն, որ կոյուղատար համակարգը Գյումրիում, մեղմ ասած, վատ վիճակում է, փաստում են նաև «Ցայգ» հեռուստաընկերությանը ամենօրյա ռեժիմով ուղղվող քաղաքացիների ահազանգերը։ Պարզվում է՝ խնդիրը շրջանցել չի հաջողվել նաև Շիրակացի փողոցում։ Այստեղ գազի և ջրագծերի աշխատանքներն արդեն իրականացվել էին, սակայն ջրահեռացման համակարգը չէր փոխվել։ Այս օրերին էլ փողոցի մի շարք հատվածներում կոյուղատար համակարգի փոխարինման աշխատանքներն են ընթանում։