Շարունակում ենք ջանքեր գործադրել առկա հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորման, այդ թվում՝ պահվող անձանց ազատ արձակման և ականապատման հավաստի քարտեզների տրամադրման նպատակով. ՌԴ ԱԳՆ

2021 թվականի նոյեմբերի 9-ին լրանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ  Նիկոլ Փաշինյանի միջև ղարաբաղյան հակամարտության գոտում լիակատար հրադադարի  և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին հայտարարության ստորագրման մեկ տարին: Այդ քայլը թույլ է տվել վերջ դնել արյունահեղությանը և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթաց սկսել: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ կապված պատերազմի ավարտի մեկամյակի հետ, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր կարող ենք փաստել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն, ընդհանուր առմամբ, իրագործվում են: Միևնույն ժամանակ կարևոր է, որ Բաքուն և Երևանը պահպանում են հանձնառությունը դրույթների հետագա իրագործմանը: Հայտարարության համաձայն՝ տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը զգալի ներդրում ունի իրավիճակի կայունացման և տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում:

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից ի վեր, ընդհանուր առմամբ, 122 ռազմագերի և պահվող անձ է վերադարձվել: Նրանցից Հայաստան է վերադարձել 105-ը, Ադրբեջան՝ 17-ը: Իր հերթին, ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատման քարտեզների 3 փաթեթ:

Խաղաղապահ զորակազմն ակտիվորեն մասնակցում է խաղաղ կյանքի հաստատման գործընթացին: Տարածաշրջան կանոնավոր կերպով հումանիտար օգնություն է հասցվում, տարածքներ են ականազերծվում (2020 թվականի նոյեմբերից ատուգվել է 1937 շինություն, մաքրվել 2311.5 հա տարածք և 683 կմ ճանապարհ, հայտնաբերվել է ավելի քան 26 000 պայթյունավտանգ առարկա): Վերականգնվում են կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները: Իրենց տներն են վերադարձել մոտ 53 000 փախստական:

ՌԴ ԱԻՆ-ը 2020 թվականի դեկտեմբերից տարածաշրջան է հասցրել 1581 տոննա հումանիտար բեռ (էլեկտրակայաններ, ինժեներական և հրշեջ տեխնիկա, առաջին անհրաժեշտության առարկաներ) և 800 տոննա շինանյութ:

Շարունակում ենք ջանքեր գործադրել առկա հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորման, այդ թվում՝ բոլոր պահվող անձանց ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման աջակցման, զոհվածների մարմինների փոխանցման և ականապատման հավաստի քարտեզների ամբողջական ծավալով տրամադրման նպատակով: Արդիական է նաև մշակութային-կրոնական և պատմական ժառանգության կառույցների պահպանության ապահովման հարցը:

Մտադիր ենք գործընկերների հետ հետևողականորեն իրականացնել Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված առաջադրանքները, որոնք արձանագրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությամբ: Բարձր ենք գնահատում Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը՝ ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ: Ընդգծում ենք շահերի հավասարակշռության վրա հիմնված որոշակի ծրագրերի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի տնտեսական և տրանսպորտային ներուժի բացահայտմանը Հարավային Կովկասում:

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության թուլացման ու սահմանազատման և դրան հաջորդելիք սահմանագծման գործընթացի շուտափույթ մեկնարկի կարևորությունը: Պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն:

Կարևոր ենք համարում շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, առաջին հերթին, տարածաշրջանի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում: Պահանջված է նաև ԿԽՄԿ-ի, ՄԱԿ-ի ՓԳՀՎ (փախստականների հարցով Գերագույն հանձնակատարի վարչություն՝ խմբ.), ՅՈւՆԵՍԿՕ-ի և այլ մասնագիտացված միջազգային կազմակերպությունների ներդրումը:

Կանենք ամեն ինչ՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, աջակցելու խաղաղ նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովմանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ բոլոր մակարդակներով շփումների ընդլայնմանը: Պատրաստ ենք նաև աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների ներկայացուցիչների միջև երկխոսությանը՝ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման նպատակով:

Կողմ ենք Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցմանը, փոխշահավետ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը»:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան