Շարունակելու ենք անհրաժեշտ ջանքեր ներդնել՝ ապահովելու անկախ մամուլի կայուն գործունեությունը. Նազելի Բաղդասարյան

«Օրվա խորհրդով շնորհակալություն եմ հայտնում բոլոր անկախ, անկողմնակալ և սկզբունքային լրագրողներին, խմբագիրներին, մեդիամասնագետներին և, առհասարակ, ազատ խոսքի ջատագովներին»,- Ֆեյսբուքում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Ակնհայտ է, որ Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ օրերս «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) հեղինակավոր կազմակերպության հրապարակած 2025 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում մեր երկիրը 9 տեղով բարելավել է իր դիրքը՝ զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը։
Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ մի շարք լրատվականների քաղաքական աֆիլացվածությունը, ապատեղեկատվության տարածման ռիսկերը, ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումները մնում են լրջագույն մարտահրավեր բոլորիս համար, և պետք է հետևողական աշխատանք տանենք այս ուղղությամբ։
Աներկբա, մեդիան պետք է լինի անկախ, չեզոք, փաստահեն և հավասարակշռված՝ զերծ մնալով որևէ քաղաքական ուժի կամ գործչի սպասարկելու գայթակղությունից։ Մեր օրերում վստահաբար դրա պակասը կա։ Սակայն կարևոր եմ համարում ընդգծել, որ մամուլի դաշտում՝ բևեռացված կարծիքների և շահերի կողքին, մշտապես կան նաև սկզբունքային, օբյեկտիվ և պատասխանատու անհատներ, ովքեր մնում են հավատարիմ փաստերին և իրենց մասնագիտական պարտքին։ Նրանց աշխատանքն առանձնակի հարգանքի է արժանի, քանի որ հասարակությունը նրանց շնորհիվ հնարավորություն ունի ստանալու հավասարակշռված և ճշգրիտ տեղեկատվություն։
Եվ ուրեմն, հավատարիմ մնալով խոսքի ազատության պահպանման մեր հանձնառությանը, շարունակելու ենք անհրաժեշտ ջանքեր ներդնել՝ ապահովելու անկախ մամուլի կայուն գործունեությունը՝ ի նպաստ, թափանցիկության, հաշվետվողականության և ժողովրդավարության»,- գրել է խոսնակը։

Related posts

Փրկարարները 2-ամյա Տիգրանին փնտրում են Մարմարիկ գետում․ ծնողներն այդ վարկածին հակված չեն

Բաքուն պարզաբանման է սպասում Ռուսաստանից

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար