Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է. «Շնորհավորում եմ Ավրորա մարդասիրական նախաձեռնության հիմնադրման 5-րդ տարեդարձի կապակցությամբ:  Նախաձեռնության հիմնադիր անդամներին և ողջ անձնակազմին հղում եմ իմ ջերմ ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները:

Ավրորան, անշուշտ, երիտասարդ նախաձեռնություն է, և համոզված եմ դեռ երկար ու արգասաբեր ճանապարհ ունի անցնելու: Սակայն այսօր արդեն իսկ կարող ենք փաստել, որ այն իր անուրանալի լուման է ներդնում աշխարհում մարդասիրական արժեքների սփռման և այդ ճանապարհով խաղաղության ամրապնդման գործում: Այն իր գործունեությամբ նպաստում է մարդկության առաջընթացին և արդարության, խաղաղության ու համերաշխության սկզբունքների հաստատմանը:

Տարեցտարի ընդլայնվում են նախաձեռնության աշխարհագրությունը և գործունեության ոլորտները: Այն այլևս ճանաչելի է աշխարհում և հաստատուն տեղ է զբաղեցնում միջազգային այլ հեղինակավոր կառույցների շարքում:

Ավրորան իր գործունեության միջոցով նպաստում է նաև Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանն ու ճանաչելիության  ընդլայնմանն աշխարհում: Այն անկասկած դարձել է մեր ժողովրդի յուրատեսակ այցեքարտերից մեկը:

Նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը հիրավի մեծ և ազնիվ գործ են կատարել: Մարդասիրությունը փառաբանելու և խաղաղության ու մարդկության առաջընթացին ծառայելու անմնացորդ նվիրումը քաջալերելու միջոցով նրանք հասել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակն անմահացնելու իրենց գաղափարի իրականացմանը:

Ցավոք, ժամանակակից աշխարհում հակամարտություններն ու պատերազմների ողբերգություններն ամենուրեք են։ Ավրորայի մրցանակաբաշխությունը հենց այն գործիքներից է, որը հիրավի կարևոր ներդրում է կատարում մարդկային ողբերգությունների կանխարգելման և խաղաղության հաստատման գործում: Ավրորան սատարում ու մեծարում է այն անհատներին, ովքեր, անտեսելով բոլոր դժվարություններն ու վտանգները, գործում են հանուն մարդկային կյանքի, առողջության, արժանապատվության ու իրավունքների պաշտպանության, հանուն խաղաղության։

Կրկին շնորհավորելով Ավրորայի 5-րդ տարեդարձը՝ իմ հիացմունքն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աշխատում են այս նախաձեռնության ծրագրերը կյանքի կոչելու համար:

Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ»:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում