Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Նա շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին:

«Հարգելի գործընկերներ, մենք շատ ենք խոսում երկրում ինստիտուտների կայացվածության աստիճանի մասին, և իմ համոզմունքն այն է, որ մեր բոլոր պրոբլեմները կապ ունեն ինստիտուտների կայացվածության աստիճանի հետ: Բայց նաև կարևոր եմ համարում, որպեսզի մենք ամենևին չանտեսենք մտածողությունը՝ որպես ինստիտուտ: Կարծում եմ նաև, որ մենք այս հարցն ընդհանուր առմամբ պետք է քննենք, հասկանանք, պատկերացնենք, թե ինչ մտածողությամբ ենք առաջնորդվում, այդ ինստիտուտն ինչքանով է համապատասխանում մեր կարիքներին, պահանջներին և շահերին, և, իհարկե, ինչպիսի՞ բարեփոխումների պետք է ենթարկվի մտածողությունը, որպեսզի կարողանանք հասնել այն նպատակներին, որոնք ձևակերպում ենք», – իր խոսքում նշել է նա։

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարության թիմին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ կառույցը՝ որպես ինստիտուտ, ձևավորվել է և գտնվում է աշխատանքային լավ վիճակում: Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում, Covid-ի ժամանակ ստեղծված իրավիճակին արձագանքը եղել է համապատասխան, և դա տեղի է ունեցել այս գերատեսչությունում աշխատող մարդկանց շնորհիվ:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին նախարարության գործունեությանը ցուցաբերած աջակցության համար և նշել. «Այն բարեփոխումները, որոնք սկսվել են նախարարությունում, իրենց բարերար և դրական ազդեցությունն են ունենալու ներհայաստանյան հարաբերություններում, մեր տնտեսության վրա, միջազգային հարաբերություններում մեր դիրքի վրա: Եվ, իմ կարծիքով, այն լավ հիմքերը, որ դրվել են, պետք է, շարունակական լինեն»:

ԿԳՄՍ նախկին նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել կուտակած փորձը և տեղեկատվությունը փոխանցել նորանշանակ նախարարին՝ ի աջակցություն բարեփոխումների գործընթացի:

Իր հերթին ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին վստահության համար՝ նշելով. «Լիովին պատասխանատու ձևով ես համաձայնել եմ ընդունել առաջարկը և զգացված եմ վստահության համար: Պատրաստ եմ ուժերիս ներածի ողջ ծավալով նվիրվել մեր պետությանը, մեր երկրին և այս ոլորտում անել առավելագույնը»: Նա շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին համագործակցության պատրաստակամության համար:

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել գործընկերներին հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում