ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նրանց վերաբերյալ քրվարույթը դատարանում է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել բազմաթիվ քաղաքացիներից՝ ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված կարգի պահանջների խախտմամբ վերջիններիս հաշվառման գործընթացը կազմակերպելու համար: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ Աշոցքի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը նույն բաժնի աշխատակցի հետ խմբի կազմում, ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող ավելի քան 20 քաղաքացիների ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգում գրանցելու և Աշոցք բնակավայրի տարբեր հասցեներում վերջիններիս հաշվառումն անխոչընդոտ ու արագ կազմակերպելու համար 2024 թվականի օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրանցից որպես կաշառք պահանջել ու ստացել են տարբեր չափի գումարներ: Ընդ որում՝ հաշվառման գործընթացը կազմակերպվել է ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված կարգի պահանջների խախտմամբ՝ նշված քաղաքացիների՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տարբեր բնակավայրերում փաստացի չբնակվելու, սեփականատերերի և հաշվառման ենթակա քաղաքացիների միջև կապի ու համաձայնության բացակայության պայմաններում:

Կաշառք ստանալու համար ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության վերը նշված երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի տարբեր մասերով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը, պաշտոնավարման կասեցումն ու գրավը: Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել նաև պաշտոնատար անձանց կաշառք տված քաղաքացիներին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Սրբազանը գնալու է մեր փաստաբանի հետ.Գարեգին Բ

Շահումյան գյուղում հայտնաբերվել է անհայտ ցանց սնուցող ջրագիծ. այն ապամոնտաժվել և խցափակվել է

Ե՞րբ կնշվի Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի