Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Շնորհավորելով ԱԻՆ բոլոր աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է արտակարգ իրավիճակների համակարգի դերը: «Նախարարության ստեղծման օրվանից և դրանից էլ առաջ՝ սկսած Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակներից Արտակարգ իրավիճակների նախարարությունը տարիների ընթացքում դարձավ պետական այն կառույցներից մեկը, որի դերը, անհրաժեշտությունը և կարևորությունը պետության հասարակական կյանքը բնական ընթացքով կազմակերպելու գործում ակնառու է:

Ժամանակի ընթացքում դուք, նոր ձեռքբերումների արդյունքում ավելի հմտանալով, հզորանալով այսօր պատրաստ եք մեր երկրի, քաղաքացիների ապրելու, աշխատելու համար անվտանգ միջավայրի ապահովմանը:

Ձեր աշխատանքով դուք նաև ապացուցեցիք, որ Արտակարգ իրավիճակների աշխատողի կոչումը կրում եք արժանապատվորեն և բարձր գիտակցությամբ՝ ցանկացած պահի պատրաստ լինելով արտակարգ իրավիճակներում անձնական զոհողության գնով իսկ պաշտպանել մեր բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

Ժամանակակից պայմաններում փոխվել են նաև ձեր աշխատանքի նկատմամբ պահանջները, որը նշանակում է անընդհատ կատարելագործում, մասնագիտական գիտելիքների ձեռքբերում, տեխնիկական նոր զինվածություն: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, շարունակելով ուշադրության կենտրոնում պահել ոլորտի հետագա զարգացման և կատարելագործման խնդիրները, հետևողական քայլեր կիրականացնի նոր մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ միջոցներ հատկացնելու ուղղությամբ»,- ասել է նախագահն ԱԻՆ համակարգի բոլոր աշխատակիցներին մաղթելով երջանկություն, բարեկեցություն և անվտանգ ծառայություն:

Ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար նախագահ Խաչատուրյանն ԱԻՆ մի խումբ աշխատողների պարգևատրել է պետական պարգևներով:

Պարգևատրման արարողությունից հետո, Հանրապետության նախագահը հետևել է ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթին և ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ներկայացրած ցուցադրական վարժանքներին: Նախագահն ու վարչապետն Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ ծանոթացել են նաև շարահրապարակում ներկայացված նախարարության տարբեր ստորաբաժանումների գործունեությանն ու հնարավորություններին:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում