Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

Ինչպես  հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Սարգսյանի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Հանդիպումները տեղի են ունենալու նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ:

Եվրոպական կառույցների ղեկավարների հետ Հայաստանի նախագահը նախատեսում է քննարկել Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրանում Թուրքիայի բացահայտ ներգրավվածության հետ կապված հարցեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական կողմից հրետակոծման փաստերը:

Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի և եվրոպական կառույցների ղեկավարության կողմից կարվի հնարավոր ամեն ինչ՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու համար, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչել հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Related posts

ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտների կարգավորման ուղիները

Արմավիրի, Լոռու, Կոտայքի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրության օրը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել. ՆԳՆ

Մեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Պապիկյան