Յոթի խմբի երկրները վերահաստատել են Ալմա Աթայի հռչակագրին հավատարիմ լինելու կարևորությունը

G7-ի արտգործնախարարները Իտալիայում հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել՝ ի թիվս այլ հարցերի անդրադառնալով նաև Հարավային Կովկասին և Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը:

«Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում հանձնառու մնալ խաղաղության գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և տևական խաղաղության, որը հիմնված կլինի ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Հիշեցնում ենք կողմերի՝ 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը և կոչ անում նրանց պահպանել գործակցության այդ ոգին: Հետագա էսկալացիան անընդունելի կլինի»,- ասված է հայտարարության մեջ։

Յոթի խումբը կոչ է արել Ադրբեջանին՝ լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և ապահովել փախստականների և տեղահանված անձանց անվտանգ, արժանապատիվ վերադարձն իրենց տներ:

«G7-ը և նրա անդամները պատրաստ են հետագայում ևս աջակցել բոլոր մակարդակներով կառուցողական շփումներին, մասնավորապես՝ Եվրամիության և ԱՄՆ-ի սահմանած բանակցային մեխանիզմների շրջանակում: Վերահաստատում ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին հավատարիմ լինելու կարևորությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- նշված է փաստաթղթում:

G7-ի երկրները հորդորել են ընդլայնել տարածաշրջանային գործակցությունը և բացել բոլոր սահմանները, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև։

Related posts

Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու

Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ

Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿ