Մոսկվան և Երևանը մնում են դաշնակիցներ և երկկողմ հարաբերություններում դա է կարևորը. Զախարովա

Ռուսաստանը հայտարարում է, որ Մոսկվան և Երևանը մնում են դաշնակիցներ, և երկկողմ հարաբերություններում դա է կարևորը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հարցին անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փետրվարի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՌԴ-ից 2023թ. Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր են հնչել:

«Մենք ունենք պաշտոնական հարաբերություններ, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու վստահելի խողովակներ, որտեղ կետ առ կետ կարող ենք անդրադառնալ բոլոր խնդիրներին: Վստահեցնում եմ, որ ՌԴ ոչ մի պաշտոնյա ոչ միայն Հայաստանի, այլև որևէ սուվերեն պետության իշխանությունների տապալմանն ուղղված որևէ հայտարարություն չի արել: Կարծում եմ, պետք չէ ուշադրություն դարձնել որևէ լրագրողի կամ լրատվամիջոցի՝ այդ առթիվ արված հիմար հայտարարությանը. լրագրողները թող ազատ զբաղվեն իրենց աշխատանքով»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ եթե, այնուամենայնիվ, նման փաստեր կան, դրանք կարող են երկկողմ քննարկման առարկա դառնալ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր. «Գիտեք, 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել ընտրված լեգիտիմ կառավարությանը: Ռուսական հեռուստաալիքները ոչ թե մի քանի օր, 6 տարի շարունակ, ըստ էության, համակարգված և հետևողական, նպատակամղված հակաքարոզչություն են մղում Հայաստանի կառավարության, ընտրված իշխանությունների և անձամբ իմ դեմ»:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան