Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի ղեկավարած պատվիրակությանը, որում ընդգրկված էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան կողմի համանախագահ Էնդրյու Շոֆերը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին և այլ պաշտոնյաներ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը և ներկայացրել հետպատերազմյան շրջանում երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է, որ չնայած առկա մարտահրավերներին Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը:

Զրուցակիցները երկուստեք շեշտել են կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը: Բարձր է գնահատվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ փոխվարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը և կարևորել դրա շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացումը:

Մհեր Գրիգորյանն առանցքային է համարել հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը և վերադարձը հայրենիք:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել աջակցելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության ու երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի։

Related posts

2024-ին քրեական վարույթների թիվը աճել է, 4.9 տոկոսով աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը. ՔԿ նախագահ

Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասով գույքային և դրամական ի՞նչ պահանջ կա դատարանում. դատախազը ներկայացրեց

Ոնց որ գառներին պահ տան գայլին. Կոնջորյանը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին