Միքայել Սրբազանը պարտավոր է փոխել իր դիրքորոշումը. Հովիկ Աղազարյան

Պատգամավոր Հովիկ Աղազարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում չբացառեց մամուլում շրջանառվող լուրերը, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բանակցում է Վեհափառի հետ, որ նրա համաձայնությունը ստանա Միքայել Սրբազանին որպես վարչապետի թեկնածու ներկայացնելու համար:

«Չեմ բացառում դա, նախաձեռնությունը, որ ունեցանք, պարոն Մարուքյանի առաջարկով, շատ կարճ ժամանակահատվածում, ըստ էության, կոնսենսուս առաջացրեց երկու ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ: Ըստ էության, 36 պատգամավոր պատրաստ է համաձայնություն տալ, որ հարցը մտնի օրակարգ: Միքայել Սրբազանն այն անձնավորությունն է, որն անառարկելի հեղինակություն է և՛ հոգևոր աշխարհում, և՛ նաև քաղաքական դաշտում»,- ասաց Աղազարյանը:

Ինչ վերաբերում է դիտարկումներինն թե չպետք է հոգևորականությանը խառնել քաղաքականությանը, նա նշեց՝ ակնհայտ անհանգստություն կա, որ կանգնած ենք մարտահրավերների առաջ:

«Մեր պետությունը կանգնած է մարտահրավերների առաջ, որի լուծումները կամ կառավարումն ահագին անհանգստություն է մեզ մոտ առաջացնում՝ կապված վերջին իրադարձությունների հետ: Հիմա եթե հոգևորականը բոլորի կողմից ընդունված և հարգված մարդ գա և 6-7 ամսով զբաղեցնի վարչապետի պաշտոնը, ինչից հետո բոլոր քաղաքական ուժերն իրենց ծրագրերով ներկայանան ժողովրդին և գնան 26 թվականի ընտրություններին, դա կնշանակի հոգևորականը կամ հոգևորականները զբաղվում են քաղաքականությա՞մբ»,- ասաց նա:

Աղազարյանը նշեց, որ հոգևորականները պատգամավորների խնդրանքով ընդամենն օգնում են այս ճգնաժամից դուրս գալու համար:

Ինչ վերաբերում է նրան, թե Միքայել Սրբազանը հրաժարվել է արդեն իսկ, Աղազարյանն ասաց, որ Միքայել Սրբազանն իր գլխի տերը չէ, որովհետև ինքը շատ կարևոր նիշա է զբաղեցրել, և պարտավոր է իր դիրքորոշումը փոխել:

Հարցին էլ՝ Նիկոլ Փաշինյանից ավելի մեծ վարկանիշ ունի՞ Միքայել Սրբազանը, նա ասաց. «Չեմ կարող ասել, նման գնահատականներ տալու հնարավորություն չունեմ: Այստեղ խնդիրն այն է, որ Միքայել Սրբազանի շուրջ կոնսոլիդացիա է առաջանում է և վստահություն ունեմ, որ կառաջանա նաև լայն այսպես կոչված կոնսոլիդացիա, հասարակության մեջ էլ»:

Related posts

Սուրյա տատի խալաթը նոր ռեսուրս՝ անձրևի դեմ պայքարում

Բաքուն չի արձագանքել Ադրբեջանում ձերբակալված լրագրողներին այցելելու Մոսկվայի խնդրանքին. Զախարովա

Վարչապետը և «Տրաֆիգուրա»-ի նախագահը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր