Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանն ընդգծել է սահմանազատման գործընթացում 1975-ի քարտեզը հիմք ընդունելու հանձնառությունը

Հուլիսի 25-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, առկա հումանիտար խնդիրները:
Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամը և Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան: Ընդգծվել է եռակողմ հայտարարությունը ստորագրող կողմերի կողմից հստակ քայլերի անհրաժեշտությունը և առկա միջազգային գործիքակազմն այս ուղղությամբ օգտագործելու հնարավորությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Երկու երկրների միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է հետագա սահմանազատման գործընթացում առավելագույնս հստակություն ապահովելու նպատակով 1975 թ. քարտեզը հիմք ընդունելու հանձնառությունը։ Տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապուղիների ապաշրջափակման համատեքստում ևս մեկ անգամ ընդգծվել է համապատասխան կապուղիների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո գործելուն այլընտրանքի բացակայությունը։ Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման կարևորությունը:
Վերոնշյալ հարցերում փոխհամաձայնության գալու համար նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից կառուցողական մոտեցման ցուցաբերման անհրաժեշտությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀՀ և ՌԴ երկկողմ փոխգործակցության օրակարգի հարցերի։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան